Հայաստանում չունեւորների կեսից քիչ մասն է խոստովանում իր չքավորությունը, հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշել է, որ Հայաստանում աղքատները եւ ծայրահեղ աղքատները բնակչության 42%-ն են կազմում, սակայն իրենց աղքատությունը պատրաստ են ընդունել միայն 19,4%-ը:  Ծայրահեղ աղքատների 10,2%-ից իրենց այդպիսին են համարում միայն 3,7%-ը, իսկ 32% աղքատներից՝ միայն  15,5%-ը:

Ըստ Ադիբեկյանի՝ այստեղ առաջին պատճառը աղքատության հասկացության հետ կապված հոգեկան անհարմարությունից հոգեբանորեն պաշտպանվելու ցանկությունն է: «Այդ ընտանիքները ձգտում են իրենց հակառակը համոզել: «Մեզ այսքանն էլ բավական է», կամ  «գոնե տուն ունենք. ծայրահեղ դեպքում կվաճառենք» եւ այլն», - պարզաբանել է Ադիբեկյանը: