ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 9-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Երեւանում՝ կազմակերպիչ` «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն օլիմպիադայի գլխավոր գործընկերոջ դերն առաջին անգամ ստանձնել է 2010 թվականին՝ անցած հինգ տարիների ընթացքում ամենամյա միջոցառման կազմակերպման համար նվիրաբերելով ավելի քան 42 միլիոն ՀՀ դրամ: Օլիմպիադայի երիտասարդ մասնակիցներն այս տարի ներկայացրել են 22 երկիր. Արգենտինան, ԱՄՆ-ը, Բելառուսը, Գերմանիան, Եգիպտոսը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Հնդկաստանը, Հոնգ Կոնգը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Ուրուգվայը, Չինաստանը, Պերուն, Ռուսաստանը, Սերբիան, Վիետնամը, Վրաստանը եւ Ֆիլիպինները:

Օլիմպիադան զգալի դեր ունի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կրթության առաջխաղացման հարցում եւ նպաստում է Հայաստանում եւ մասնակից երկրներում ոլորտի շարունակական զարգացմանը: Զքւգահեռաբար, այն օգնում է ճանաչել, գնահատել մինչեւ 30 տարեկան բազմաթիվ տաղանդավոր ինժեներների եւ խթանել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը: Ամենամյա միջոցառման նպատակը միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում երիտասարդ մասնագետների հանրույթն ընդլայնելն ու մասնակիցների գիտելիքների մակարդակը  գնահատելն է: Դա բխում է տարածաշրջանային կրթական ծրագրերն առկա պահանջներին համապատասխանեցնելու հրամայականից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցել է ՏՀՏ ոլորտում տաղանդավոր երիտասարդներ բացահայտելուն ուղղված նախաձեռնություններին: Հայ երիտասարդների ինքնադրսեւորմանն աջակցելու՝ մեր երկարաժամկետ ռազմավարությունը բխում է այն հիմնարար եւ անկոտրում համոզմունքից, որ Հայաստանն ունի պայծառ ապագա, եւ այն մեր երիտասարդների ձեռքերում է: Որքան աջակցենք երիտասարդներին, այնքան մեր երկիրն ավելի մրցունակ կդառնա աշխարհում՝ դիմակայելով միջազգային եւ տարածաշրջանային մարտահրավերները: Առաջադեմ, հմուտ եւ երկրի ապագային հավատացող երիտասարդություն ունենալը համազոր է ազգային ինքնության եւ անվտանգության այնպիսի երաշխավոր ունենալուն, ինչպիսին, օրինակ, ազգային բանակն է: Տեխնոլոգիաներն ու գիտելիքը երկրի զարգացման հիմքն են: Դրանք երաշխավորում են Հայաստանի հզորացումն ու առաջխաղացումը: Տաղանդավոր երիտասարդները երկարաժամկետ կտրվածքում նպաստելու մեր հայրենիքի կենսունակությանը,  երկրի կայացմանն ու  սերունդների բազմակողմանի զարգացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը եւ փորձարկումը», «Անալոգային եւ խառն ազդանշանային IC նախագծումը եւ փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը եւ տեխնոլոգիաները», ինչպես նաեւ «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական եւ ալգորիթմային խնդիրները»:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային իններորդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են գալա-միջոցառմանը: Առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ստացել է արժեքավոր նոութբուք: