ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշումով կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի «Տոմատի հյութ» (արտ. 07.10.2014թ) «Թան» (արտ. 07.10.2014թ) եւ «Թան գազավորված» (արտ. 08.10.2014թ) արտադրատեսակների արտադրությունը:

«Պրեմիում» ՍՊԸ-ում-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Պրեմիում» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Տոմատի հյութ» (արտ. 07.10.2014թ) արտադրատեսակը՝ մանրէաբանական ԱՑԽՄ, բորբոսասունկ եւ խմորասունկ ցուցանիշներով, «Թան» (արտ. 07.10.2014թ) արտադրատեսակը՝ մանրէաբանական ԱՑԽՄ եւ ՄԱՖԱՄ ցուցանիշներով եւ «Թան գազավորված» (արտ. 08.10.2014թ) արտադրատեսակը՝ մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ առողջապահության նախարարի 2010 թ.-ի մարտի 10-ի «Պարենային հումքի եւ սննդամթերքի անվտանգությանը եւ սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 06-Ն հրամանով եւ ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը եւ տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Խախտումների վերացման կատարման ժամկետ է սահմանվել մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 28-ը: