Հարվարդի համալսարանի (Մասաչուսեթս նահանգ) ճաշարանի աշխատակցուհին ակնթարթային վիճակախաղով 10 մլն դոլար է շահել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աննա Ռոդրիգեսն այդ գումարը մտադիր է ծախսել արձակուրդի, նոր տուն գնելու եւ հարազատների օգնելու համար:

Համալսարանի ճաշարանում շուրջ 30 տարի աշխատած Ռոդրիգեսը երջանիկ տոմսը գնել է ընդամենը 20 դոլարով՝ տեղակա սուպերմարկետներից մեկում: Երջանիկ շահողը գումարը ցանկացել ստանալ միանգամից: Այսպիսով, վիճակախաղի պայմաններով՝ հարկերը պահելուց հետո նա կստանա 6,5 մլն դոլար:

Նա նշել է, որ դեռեւս չի պատրաստվում լքել աշխատանքը: «Ես այստեղ եւս 2 տարի կաշխատեմ՝ մինչեւ թոշակի անցնելը», - ասել է կինը: Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում վիճակախաղի տոմսերի վրա մոտ 10 հազար դոլար է ծախսել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ռոդրիգեսը վերջին երկու շաբաթվա ընթացքում 10 մլն դոլար շահած երկրորդ մարդն է: Ամերիկյան վիճակախաղային բիզնեսում ռեկորդային ջեքփոթը՝ 656 մլն դոլար, խաղարկվել էր 2012թ. մարտին: