Սիրիայի, այնուհետեւ Իրաքի դեպքերն ավելորդ անգամ ի ցույց դրեցին ադրբեջանցի մարտիկների իրական դեմքը: Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, մի քանի տասնյակ մարտիկներ ահաբեկչական գործողությունների մասնակից են դարձել:
Այսպես, միայն վերջերս ադրբեջանցի ահաբեկիչների մասնակցությամբ երկու դեպք է գրանցվել:
Ըստ haqqin.az-ի տեղեկության, ադրբեջանցի կամիկաձեն՝ «Աբու Աբդուլլահ ալ Ազերբիջանի» մականվամբ, նախօրեին ահաբեկչություն է իրականացրել Իրաքի Սալահադդին նահանգում: Այս մասին Twitter-ում գրել են «Իսլամական պետության» ներկայացուցիչները: Ահաբեկիչը պայթեցրել է երկու տոննա պայթուցիկով բեռնված «Hummer» ավտոմեքենան: Պայթյունի հետեւանքով ոչնչացվել է բանակային տեխնիկայի չորս միավոր, մեծ թվով զինվորներ են զոհվել եւ վիրավորվել:
Աղբյուրը «Ալ Հայաթին» վկայակոչելով նաեւ հայտնում է, որ Թուրքիային սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքում մարտերի ընթացքում քրդերի մոտ գերի է ընկել 20-ամյա ադրբեջանցի, որը «Իսլամական պետության» անդամ է:
33-ամյա քուրդ վաճառական Ջունեյդ Հիմուն դեպքերը հետեւյալ կերպ է նկարագրել. «Ես քրդական ժողովրդական աշխարհազորայինների շարքերում չեմ կռվում, բայց օգնեցի նրանց: ԻՊ-ի անդամներից մեկին բռնեցինք փողոցում: Նա մոտ 20 տարեկան ադրբեջանցի էր եւ մեզ հետ արաբերեն էր խոսում: Երբ հարցրինք, թե ԻՊ-ը ինչու է մեզ վրա հարձակվում, պատասխանեց, որ մենք անհավատ ենք եւ իրենց հրամայված է մեզ դարձի բերել իսլամի ճշմարիտ ուղի: Երբ բանը հասել է կրոնական դատողություններին, նրան տարել են մզկիթ եւ այնտեղ զրուցել հետը: Նա քանիցս կրկնել է, որ մենք անհավատ ենք: Ասում էր, որ ցանկանում է դրախտ ընկնել, որտեղ իրեն 40 կույսեր կտան: Նա իրեն առաջարկված սննդից հրաժարվեց եւ ասաց, որ եթե փախչի, շարունակելու է սպանել մեզ: Նա քանիցս մեզ հորդորեց իրեն մահապատժի ենթարկել. Հույս ուներ դրախտ ընկնել եւ այնտեղ հանդիպել եղբայրներին: Զինյալները ցանկանում էին նրան որպես գերի պահել, բայց նրա համոզմունքները եւ հանցագործ համախոհների շարունակական հարձակումները ստիպեցին փոխել որոշումը: Նրան սպանեցին բռնելուց 24 ժամ անց՝ գլխին արձակված մի քանի կրակոցով»:
Հիշեցնենք, Սիրիայում ադրբեջանցի ահաբեկիչների թիվն այնքան է մեծացել, որ ԱՀ-ի իշխանությունները հարկադրված են միջոցներ ձեռնարկել:




























