«Ազգային միացյալ նախաձեռնության» առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ նրա որդու՝ Շահենի նկատմամբ կայացված դատավճիռը պատվեր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
Նա շեշտեց, որ սա նենգություն է, իշխանությունների ձեռի գործը, «ում կարողանում են. իրեն են նեղում, որին չեն կարողանում նեղել, հարազատին են նեղում»: Պատգամավորը դատապարտեց կայացված վճիռը: «Եթե դատախազին, որը պահանջեց այդքան տարվա ազատազրկում եւ դատավորը, որը հաստատեց Շանթի տղայի հոդվածը կալանքը, եթե այդ դատախազին ու դատավորին ոստիկանները քացու տակ տային ու դատախազի տղան կանգներ ու նայեր, թե ոնց են իր ծնողին ծեծում, բա էդ տղան զավակ կոչվելու իրավունք կունենա՞ր, եթե ինքը ծնողին չպաշտպանի, հայրենիքը կպաշտպանի՞»,-ասաց Ռուստամ Գասպարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ «Ազգային միացյալ նախաձեռնության» առաջնորդ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելով:




























