Եգիպտոսի իշխանությունները սկսում են նոր Սուեզի ջրանցքի կառուցման աշխատանքները: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նոր ջրանցքի կառուցմանը մասնակցելու են ընկերություններ ԱՄԷ-ից, Նիդեռլանդներից, Բելգիայից եւ ԱՄՆ-ից:
Եգիպտոսի իշխանությունները հույս ունեն, որ նոր ջրանցքը ջրային ճանապարհից եկամուտները 2023 թվականից կավելացնի ավելի քան երկու անգամ՝ 5 մլրդ-ից հասցնելով 13.5 մլրդ դոլարի: Ծրագրվում է նաեւ 76 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով միջազգային տրանսպորտային հանգույց ստեղծել՝ մեծ թվով նավեր տեղակայելու համար:
Ջրանցքի շինարարությունն ավարտվելու է 2015 թվականի օգոստոսից ոչ ուշ: Ջրային նոր ճանապարհն անցնելու է 145 տարի առաջ կառուցված հին ուղուն զուգահեռ:
Սուեզի ջրանցքը, ըստ աղբյուրի, ամենակարճ ջրային ուղին է Հնդկական օվկիանոսի եւ Միջրերկրական ծովի միջեւ: Այն Եգիպտոսի համար օտարերկրյա արժույթի կենսական նշանակության աղբյուր է՝ 2011 թվականի հեղափոխությունից հետո ներդրումների նվազման եւ զբոսաշրջությունից ստացվող եկամուտների կրճատման պայմաններում:





























