Հոկտեմբերի 24-ին շատերին չէր խանգարի հետեւել Ազատության հրապարակում հնչելիք կարգախոսներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Նրա խոսքով՝ մարդիկ գալու են հանրահավաք «ոչ» ասելու երկրի իշխանություններին եւ տիրող մթնոլորտին:

Նրա ներկայացմամբ՝ ակնհայտ է, որ իշխանությունն ի վիճակի չէ կառավարել այնպես, ինչպես նախկինում, ուստի «առաջիկա ամիսներին բազմաթիվ հրաժարականներն» անխուսափելի կլինեն:

«Հոկտեմբերի 10-ին դուք տեսաք, թե  ինչ է կատարվում Ազատության հրապարակում: Նույնը կրկնապատկված մասշտաբով կլինի հոկտեմբերի 24-ին: Իսկ նրանց, որոնք վստահ չեն, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, կպատասխանեմ. Ոչ ոք չէր հավատում որ հրաժարական կտան այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Շեւարդնաձեն ու Ասկար Ակաեւը»,-ընդգծեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ հկտեմբերի 24-ին ոչ իշխանական ուժերի քառյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀԺԿ) կացկացնի իր երկրորդ հանրահավաքը: