Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք իշխանության բացթողումների մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԲՀԿ խմբակցության պատագամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նա մասնավորապես, հայտարարել է.

«Տարիներ շարունակ մատնացույց ենք անում այն թերությունները, որոնք առկա են մեր երկրում: Ազգային Ժողովում ամեն  անգամ, երբ շրջանառության մեջ է մտել որեւէ օրինագիծ, որը չի բխել ժողովրդի շահերից, ԲՀԿ խմբակցությունը հանդես է եկել իր բացասական դիրքորոշմամբ եւ հանդես եկել հստակ առաջարկներով:

Սակայն ականջալուր չլինելու պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրում արտագաղթն ու գործազրկությունը հասել եւ անցել են վտանգավորի շեմը:

Մեր երկրում շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է աղքատ:

Մեկ միլիոն մարդ չի կարողանում հոգալ իր տարրական սոցիալական պայմանները:

Մեկ միլիոն մարդ հնարավորություն չունի օգտվելու սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներից:

Չեմ խորանում վիճակագրական տվյալների մեջ, որին հասարակությանը ծանոթացնելու կարիք չկա:

Վերջին մեկ տարում մենք ականատես եղանք օրենսդիր եւ գործադիր մարմիններին ուղղված  բողոքի  բազմաթիվ ակցիաների ու ընդվզման ցույցերի:

• Պարտադիր կուտակային օրենքի  դեմ բողոքի ցույցեր

• Տաքսու վարորդների բողոքի ցույցեր,

• Ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքի ցույցեր

• ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ցույցեր

• Իրացված տարածքներից տուժած բնակիչների բողոքի ցույցեր՝ Կոնդի, Ֆիրդուսի, Նորագյուղի, Կիլիկիա եւ այլ օտարված եւ ամայացված տարածքներ, որոնց բնակիչներն առ այսօր անորոշության մեջ են:

• Անարդար դատական վճիռներ

• Էլէկտրաեներգիայի եւ գազի սակագների թակացման դեմ պայքարի ցույցեր

• Ամենօրյա կարմիր գծերի եւ արագաչափերի գրպանահատությունը

• Գյուղացու ապրելու եւ աշխատելու պայմանների ու երաշխիքների բացակայություն

• Բանկային անհամաչափ բարձր տոկոսադրույքներ եւ դրանց աղետալի հետեւանքներ

Սրան ականատես ենք եղել բոլորս, եւ ոչ ոք չի կարող սա հերքել:

Սակայն քանի հոգի է ենթարկվել պատասխանատվության, ի վերջո ովքեր են պատասխան տալու մեկ միլիոն աղքատ ապրողների համար:

Սա է համախմբում մեր հայրենակիցներին, ովքեր այլեւս չեն ցանկանում ապրել անարդարության մթնոլորտում:

Հոկտմբերի 24-ի համազգային հանրահավաքը դառնալու է այն իրական գործողությունների սկիզբը, որոնց անհրաժեշտությունը մեր ժողովուրդն այդքան շատ է սպասում»:

Նկատենք, որ ԲՀԿ-ն շատ երկար տարիներ եղել է իշխող կոալիցիայի մաս եւ մշտապես կողմ է քվեարկել կառավարության ներկայացրած նախագծերին: