«Նախախորհրդարանի» անդամ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանին աջակցության երթից հետո այսօր՝ հոկտեմբերի 21-ին, բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին 2 ժամ անց բաց են թողել: Գեւորգ Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու համար:

«Իրենք ասացին՝ ինչ-որ իր եք նետել ոստիկանության շենքի վրա: Ես ասեցի, որ ես եմ շպրտել ձվերը, հարցրի՝ դրանից շենքը փչացել է, թե չէ, չպատասխանեցին»,-ասաց Գեւորգ Սաֆարյանը՝ հավելելով, որ ինքը չի պատրաստում վճարել խախտման համար սահմանված՝  նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով տուգանքը:

Նշենք, որ այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ Ազատության հրապարակից երթով շարժվեցին ՀՀ ոստիկանության շենքի մոտ, որտեղ պահանջեցին արդար քննություն իրականացել ու քրեական գործ հարուցել Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած, նրան փողոցում միայնակ թողած ոստիկաններին: Ակցիայի մասնակիցներից Գեւորգ Սաֆարյանը ձվեր էր շպրտել ոստիկանության շենքի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին  «Նախախորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո Երեւանում Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանգնեցրել էին Վահրամ Գաբրիելյանի վարած մեքենան, նրան մեքենայով տարել ոստիկանական բաժին՝ փողոցի բանուկ հատվածում միայնակ ու անօգնական թողնելով Ալեք Ենիգոմշյանին, թեեւ վերջինը մի քանի անգամ կրկնել էր, որ կույր է:

Ալեք Ենիգոմշյանն իր հետ կատարվածը կապում է իր ընկերոջ՝ Վահրամ Գաբրիելյանի եւ քաղաքացիական հագուստով ոստիկանի միջեւ Արտաշատ քաղաքում «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ: