Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել հոկտեմբերի 18-ին առեւանգված 52-ամյա կնոջ հետ կատարվածի վերաբերյալ:
Քննչական կոմիտեից NEWS.am-ը տեղեկացավ, որ Երեւանի 52-ամյա բնակչուհի Խաչատրյանը 2014թ. հոկտեմբերի 20-ին հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 18-ին ենթարկվել է ավազակային հարձակման, օրեր շարունակ զրկվել ազատությունից։
Ըստ հաղորդման՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ոմն Սաքոն, Գարիկը եւ Գարուշը, նախնական համաձայնությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով, Ա.Մամբրեյանին պատկանող տանը Գ.Խաչատրյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել նրան, որի ընթացքում նրա ծոցից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ գումար եւ դիմել փախուստի: Այնուհետեւ, Գ.Խաչատրյանի կամքին հակառակ, նշված օրվանից մինչեւ 20.10.2014 թ.՝ ժամը 18:00-ի սահմանները, պահելով նշված հասցեում՝ նրան ապօրինի զրկել են ազատությունից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:
Կատարված քննչական գործողությունների եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ոմն Սարգսի, Գարիկի եւ Գարուշի ինքնությունը: Վերջին երկուսն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ձերբակալվել են։
Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` առերեւույթ հանցագործություն կատարած մյուս անձին՝ Սարգսին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։





























