Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 16-րդ նիստում ներկայացրել է ՀՀ տնտեսության ներկա վիճակը: Նրա խոսքով, 2010-ի առաջին 5 ամսվա տվյալներով գրանցված 8,8 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է 3 գործոններով: Առաջին՝ համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգահեռ վերականգնվում են ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները. գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1 տոկոս աճ, շինարարության ոլորտում` շուրջ 12 տոկոս աճ։ Նկատվում է գործազրկության նվազում եւ աշխատավարձի աճի միտումների պահպանում մասնավոր եւ պետական հատվածներում։

Որպես երկրորդ կարեւոր գործոն` վարչապետը համարել է Կառավարության ընդլայնողական քաղաքականության արդյունքում իրականացված հակաճգնաժամային միջոցառումները` նպատակաուղղված փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, մասնավորապես՝ օրենսդրական փոփոխություններ, հարկային հաշվետվությունների կրճատում ու հարկային արտոնությունների ավելացում, հաստատագրված վճարների ինստիտուտի եւ պարզեցված հաշվապահական հաշվառման կանոնների ներդրում։ Կարեւորվել են նաեւ վարկային միջոցներով ճանապարհաշինության, ոռոգման եւ խմելու ջրի ոլորտներում իրականացված աշխատանքները։ Տ. Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ 2010-ի առաջին 5 ամիսներին հարկային, մաքսային եւ սոցիալական մուտքերի ավելացումը: «Դա նշանակում է, որ կկարողանանք ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը եւ նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի մեջ։ Դա կլինի մոտավորապես 4,5 տոկոսի շրջանակներում` պլանավորված 6,5 տոկոսի փոխարեն»,-ասել է նա:

Երրորդ գործոնը, ըստ վարչապետի, ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականության արդյունքում նկատվող փոխարժեքի կայունացումն է, որը դրական է ազդում գների մակարդակի վրա։ Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Արդեն մտնում ենք դեֆլյացիոն փուլ. մոտակա երկու ամիսներին կունենանք դեֆլյացիա, եւ տարեկան կտրվածքով 5-6 տոկոսը իրատեսական ցուցանիշ կլինի»:

Այնուհետեւ խոսելով Կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումներից՝ Տ. Սարգսյանն ընդգծել է. «ՀՀ-ում ներդնում ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ։ 2011 թ. հունվարի 1-ից իրենց աշխատանքը կսկսեն կամավոր կուտակային հիմնադրամները։ 2013 թ. ուժի մեջ կմտնի միասնական սոցիալական հարկը, որը ենթադրում է սոցիալական վճարի եւ եկամտահարկի միասնական օրենսդրություն եւ մեխանիզմներ։ 2014 թ.-ից կգործի պարտադիր կուտակային համակարգը, ինչը նախատեսում է, որ ՀՀ բոլոր` մինչեւ 40 տարեկան աշխատանք ունեցող քաղաքացիները պարտավոր են իրենց եկամուտներից  5 տոկոս կուտակել իրենց ապահով ծերության համար»:

Վարչապետը կարեւորել է նաեւ 2011-ի հունվարի 1-ից պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա առավել թափանցիկ դարձնել նախարարների եւ պատգամավորների գործունեությունը։ Մասնավորապես՝ նախատեսվում է միասնական էլեկտրոնային ռեգիստրի ստեղծում, որտեղ 500 պաշտոնատար անձինք կներկայացնեն հայտարարագրեր իրենց եւ իրենց հետ փոխկապակցված անձանց մասին։