«Բանդայի գործով» ամբաստանյալ Սամվել Դավթյանի առողջական վիճակը վատթարացել է: Ամբաստանյալը այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել:
Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ամբաստանյալի առողջական վիճակը վատացել է եւ նա դատարան չի ներկայացել, քանի որ տառապում է 2-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով (սիրտ-անոթային համակարգի հիվանդությունն)՝ ընթերցելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված գրությունը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 15-ին, «Բանդայի գործով» ամբաստանյալ Սամվել Դավթյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել էր եւ նրա համար «Շտապօգնություն» էին կանչել։ Սամվել Դավթյանի փաստաբան Կարեն Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իր պաշտպանյալի մոտ գլխացավերն առաջացել են նախաքննության ընթացքում նրա նկատմամբ գործադրված բռնությունների հետեւանքով։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։





























