Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնում   հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, հարձակում են գործել պահակետում պահպանություն իրականացնող ոստիկան Վարդան Գեւորգյանի  վրա, դանակով սպառնացել, այնուհետեւ փայտով հարվածել գլխին, ուշագնաց արել եւ հափշտակել նրա մոտ գտնվող «Մակարով» տիպի ատրճանակը ու դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորած օպերատիվ խումբը, որի կազմում՝ նաեւ ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողներ: 

Օպերատիվ խումբը, համագործակցելով  Դատախազության  եւ ԱԱԾ  ծառայողների հետ, պարզել է, որ հարձակում գործողը Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Սեւակ Իսպիրյանն է: Քուչակ գյուղի մերձակա դաշտում  իրավապահներին հաջողվել է հայտնաբերել  հովվին, բայց Իսպիրյանը կրակոց արձակելով՝  փախել է գյուղ եւ թաքնվելով իր տանը՝ սպառնացել տունը շրջապատած ոստիկաններին:

Անցանկալի հետեւանքներից խուսափելու նպատակով սկսված եւ շուրջ 2 ժամ տեւած բանակցությունների արդյունքում հաջողվել է Իսպիրյանին համոզել, որ հանձնի զենքը եւ անձնատուր լինի: Իրավապահների հմուտ գործողությունների շնորհիվ  ոչ ոք չի տուժել:  Հարուցվել է քրեական գործ: Սեւակ Իսպիրյանը  ձերբակալված է: Կատարվում է քննություն: