Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Սիսիանի քաղաքապետի եւ մի քանի այլ անձանց դեմ հարուցված գործով դատավարությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետը: Նա նշեց, որ դատական նիստը անընդհատ հետաձգվում է, հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի վերջին:

Սիսիանի  քաղաքապետն առայժմ ցուցմունք չի տվել, բայց առաջիկայում նախատեսվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ նստավայրը՝ Սիսիան, սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանին կից հրատարակվող «Սիսիան լրատու» թերթի հիմնադիր-տնօրենի եւ հաշվապահի նկատմամբ դատավարությունը:Այսպես, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս: Իսկ «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանին եւ նույն ընկերության հաշվապահ Հասմիկ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով խարդախությամբ հափշտակել խոշոր չափերով` 1260000 ՀՀ դրամ գումար:

5 մեղադրյալների նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:Գործը պետք է քննվեր Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում, սակայն այն չի կայացել դատավորի հիվանդության պատճառով: