Փոքր բիզնեսը պետք է աշխատի գործող օրենսդրությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ Գործադիրի նիստում ներկայացնելով քաղաքական չորս ուժերի պատգամավորների՝ Միքայել Մելքումյանի (ԲՀԿ), Գագիկ Ջհանգիրյանի (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) եւ Թեւան Պողոսյանի («Ժառանգություն») առաջարկած օրինագծի բացասական եզրակացությունը:

Պատգամավորներն առաջարկում են մինչեւ 150 մլն դրամ տարեկան եկամտով բիզնեսը (ներկայիս 58,35-ի փոխարեն) շրջանառության հարկի դաշտ փոխանցել: «Սակայն այս դեպքում պետբյուջեն կկորցնի շուրջ 39 մլրդ դրամ (մոտավորապես 100 մլն դոլար), - նշել է Խաչատրյանը: Դա տեղի կունենա,  քանի որ ներկայիս 9 հազար ԱԱՀ վճարողներից շուրջ  7 400-ը կհայտնվեն շրջանառության հարկի դաշտում:

Ինչ վերաբերում է պատգամավորների երկրորդ առաջարկին (բիզնեսին ընտրություն տրամադրել՝ 3,5% եկամտահարկ վճարել, սակայն չնշել իր մատակարարներին, կամ  1%, սակայն ձեւակերպել բոլոր փաստաթղթերը), ապա այստեղ, ըստ նախարարի, բիզնեսը նախընտրում է  վճարել նախկին 3,5%-ը, սակայն հրաժարվում է  թղթաբանությունից, որը շատ կարեւոր է հարկերի գանձման համար:  «Իսկ նրանց համար ռեժիմը մենք արդեն մեղմացրել ենք՝ ապրանքների ինվենտարիզացիայի վերջնաժամկետը, որոնք ձեռք են բերվել մինչեւ հոկտեմբերի 1-ը առանց մատակարարներին նշելու, երկարացվել է  մինչեւ 2015 թ. փետրվարի 1-ը», - ասել է նախարարը: