Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի գնահատմամբ՝ գերմանացի գործընկերոջ հետ ինչպես այսօրվա, այնպես էլ նախորդ բոլոր հանդիպումները շատ արդյունավետ եւ տարողունակ են:
Հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությանը: Կողմերը քննարկել են միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցերը:
Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կարծիքներ են փոխանակվել: «Ես ներկայացրի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը: Տեղեկացրի երկու երկրների նախագահների՝ Ֆրանսիայում կայանալիք հանդիպման նախապատրական աշխատանքների մասին: Մենք նաեւ քննարկեցինք Հայաստան-ԵՄ հարաբերությունները, նշվեց, որ Հայաստանը այդ ձեւաչափում կարեւորում է Գերմանիայի հետ համագործակցությունը», - նշեց նախարարը:
Կողմերը նաեւ քննարկել են ուկրաինական ճգնաժամը, Սիրիայի եւ Իրաքի իրավիճակը:




























