Ֆրանսիան կրկին դարձել է մոլորակի խոշորագույն գինու արտադրողը՝ շրջանցելով Իտալիային, որն այս տարի քիչ բերք է ունեցել: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:

2014 թվականին ֆրանսիական գինու արտադրության կանխատեսվող ծավալը 46.2 մլն հեկտոլիտր է. այսինքն՝ շուրջ 6 մլրդ շիշ: Գինու արտադրությունն այստեղ անցյալ տարվա համեմատ գրեթե 10%-ով ավելացել է:

Իսկ Իտալիայում 44.4 մլն հեկտոլիտր է արտադրվելու: 2013 եւ 2012 թվականներին իտալացիները գինու արտադրությամբ առաջին տեղում էին:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, գինու արտադրությամբ երրորդ տեղում 2014 թվականին Իսպանիան է լինելու. այստեղ 37 մլն հեկտոլիտր արտադրություն է կանխատեսվում: 2013թ. Իսպանիան երկրորդ տեղում էր:

Գինու արտադրության համաշխարհային ցուցանիշն այս տարի կազմելու է 271 մլն հեկտոլիտր: