ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) 2009թ.-ին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու գործը վերաբացվել է, քանի որ վարույթն իրականացնող մարմինը 5 տարի առաջ անօրինական որոշում էր կայացրել՝ կարճելով գործը: Այս մասին NEWS.am-ին ասաց Յուվեցի Կարոյի ներկայացուցիչ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

«Հատուկ քննչական ծառայությունն անօրինական որոշում էր կայացրել՝ նշելով, թե իբր Արթուր Զադոյանը ծանր հիվանդ է եւ չի կարող մասնակցել դատավարությանը: Սակայն Արթուր Զադոյանը երբեք էլ հիվանդ չի եղել»,- ասաց փաստաբանը:

Կրամվել Գրիգորյանի պնդմամբ՝ ականատես-վկաները հաստատում են, որ դեպքը տեղի է ունեցել այնպես, ինչպես հոկտեմբերի 14-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը: 

«Եթե Արթուր Զադոյանին թողնեին, կկրակեր, եթե Կարո Կարապետյանը չկրակեր, ապա Զադոյանը հաստատ կկրակեր: Զադոյանի հայտարարություններն էլ պաշտպանության ձեւերից մեկն է: Գործով կան վկաներ, ովքեր տուժող կողմի վկաներ չեն, բանվորներ են, ովքեր պատմում են այնպես, ինչպես իր ցուցմունքում ասաց Կարո Կարապետյանը»,- ավելացրեց Յուվեցի Կարոյի ներկայացուցիչը:

Մեր հարցին, թե ինչպես է գնահատում Կարո Կարապետյանի գործողությունները դատարանում, Կրոմվել Գրիգորյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ ձեռնպահ կմնա:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը դատարանում ցուցմունք տալիս պնդել էր, որ Արթուր Զադոյանն է իրեն գումար պարտք, եւ դեպքի օրը նրա մոտ զենք է եղել, որն իր վարորդը վերցրել ու հանձնել ոստիկաններին։ Արթուր Զադոյանն էլ իր հերթին NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը ընդհանրապես պարտք չէ ԲՀԿ-ական պատգամավորին, իսկ վեճն առաջացել է այն պատճառով, որ Կարո Կարապետյանը չի ցանկացել վճարել իրենից գնված մեքենայի համար: Մեղադրյալի խոսքով՝ իր մոտ զենք չի եղել, իսկ Կարո Կարապետյանն ու իր վարորդը սուտ ցուցմունք են տվել: Ի դեպ, դատական նիստերն անցնում են սպառնալիքների, փոխադարձ վիրավորանքների ու հայհոյանքների մթնոլորտում:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: