Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Երեւանը կտրականապես դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու փորձերին: Հոկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման հեռանկարները:

ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն միակ կառույցն է, որն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մանդատ:

Ըստ նրա՝ Ադրբեջանը նախկինում էլ է բանակցային գործընթացը այլ հարթություններ եւ ձեւաչափեր տեղափոխելու փորձեր ձեռնարկել: Նման պահվածքը ցույց է տալիս բանակցային գործընթացը տապալելու Բաքվի ցանկությունը: Այդ կապակցությամբ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ չի կարծում, թե  նման զեկույցներն իբր կարող են նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Հակառակը, դա կարող է կրքերի բորբոքման պատճառ դառնալ, նշել է Էդվարդ Նալբանդյանը: