Իտալիայի Պատգամավորների պալատի համակարգչային համակարգերի վրա իրականացված հաքերային հարձակումը անդրադարձել է բազմաթիվ պատգամավորների, ներառյալ՝ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստարկղերի աշխատանքի վրա, որը վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ պատգամավոր էր, հաղորդում է Ansa-ն։
Լայնածավալ հարձակումը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ՝ խորհրդարանի տեխնիկական մասնագետների աշխատանքի շնորհիվ։
Վարչապետի աշխատակազմի աղբյուրները պարզաբանել են, որ Մելոնիի տուժած փոստարկղը չի օգտագործվում կառավարության ղեկավարի պաշտոնական նամակագրության համար։
Պատգամավորների պալատում ընդգծել են, որ իրավիճակն արտակարգ բնույթ չի կրում, և նմանատիպ հարձակման փորձեր տեղի են ունենում ամեն օր։ Հաստատության ներկայացուցիչների պատմելով՝ կիրառվել են պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ Իտալիայի Կիբեռանվտանգության ազգային գործակալության (ACN) հետ փոխգործակցության շրջանակում, որի հետ գործում է համագործակցության հատուկ արձանագրություն։
Ստանդարտ ընթացակարգերի շրջանակում պաշտպանական միջոցառումները կարող են տեղեկատվական համակարգերի առանձին գործառույթների ժամանակավոր անջատում նախատեսել։
Խորհրդարանում նշել են նաև, որ վերջին օրերին աճել են նմանատիպ հարձակումների փորձերը և ճնշումն այլ ազգային, եվրոպական և միջազգային հաստատությունների համակարգչային համակարգերի վրա։




























