Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը:

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշեց, որ վերջին տարիների ընթացքում հաճախակիացել են փոխայցելությունները: Նախարարի խոսքով՝ հայկական կողմը շահագրգռված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման մեջ:

Նախարարը բավարարությամբ փաստել է Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նրա խոսքով՝ սա կրկին հաստատեց համամարդկային արժեքներին ու արդարությանը լիտվական ժողովրդի եւ պետության հավատարմությանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Լինաս Լինկյավիչուսը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական, քաղաքական, կրթական կապերը:

Այդ կապակցությամբ ընդգծվել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարեւորությունը: Կողմերը նաեւ քննարկել են միջազգային օրակարգի հարցեր, ուկրաինական ճգնաժամը, Մերձավոր Արեւելքի իրավիճակը: Զրուցակիցները նաեւ անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: 

Իր հերթին, Լիտվայի արտգործնախարարը նշել է հարաբերությունների զարգացման մեծ ներուժի մասին: Նրա խոսքով՝ Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ոլորտներում: Նախարարը փաստեց, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները դեռեւս չեն կարող տպավորիչ համարվել, սակայն կա պոտենցիալ: Միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը երկխոսությունը առավել ակտիվ կդարձնի, ընդգծեց նախարարը: