Մեր ներկայությունն այս բազմահազարանոց հանրահավաքին ինքնանպատակ չէ, ավելին, մենք ստիպված ենք այստեղ լինել, քանի որ երկիրը ծանր վիճակում է: Այս մասին հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա, եթե առաջիկայում իշխանափոխություն տեղի չունենա , ապա վտանգի տակ կհայտնվի Հայաստանի անգամ ֆիզիկական գոյությունը: Իրավիճակը սրում է այն, որ իշխանությունները ձեւացնում են, թե երկրում ամեն ինչ լավ է: «Իշխանությունները ցանկանում են երկարացնել իրենց քաղաքական մենաշնորհը՝ սահմանադրական բարեփոխումների արկածախնդրության միջոցով: Այս իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում, այլեւ նույնիսկ ի վիճակի չեն որեւէ դրական քայլերի գնալ, քանի որ երկար տարիների ընթացքում ձեւավորված արատավոր համակարգը թույլ չի տալիս աշխատել»,- ասել է Օսկանյանը՝ շրջանցելով իշխանությունում երկար տարիներ մնալու ընթացքում այդ համակարգի կայացման գործում ունեցած սեփական ավանդի հարցը:
Նորահայտ ընդդիմադիրը վստահ է, որ խորհրդարանական եռյակը բնակչության լայն շրջանակների աջակցությունն ունի: Միեւնույն ժամանակ Օսկանյանը նշել է, որ իշխանափոխության փորձը իրականացվելու է միայն սահմանադրական միջոցներով:
Օսկանյանից հետո ելույթ է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 2008թ. մարտի 1-ի բախումների ժամանակ վերջինիս փաստացի տնային կալանքին, Ռոբերտ Քոչարյանի ցուցումով, գործուն մասնակցություն էր ունեցել նույն Վարդան Օսկանյանը:


























