Լեհաստանի ԱԳՆ-ն 3 մլն զլոտա է պահել Արեւելյան գործընկերության անդամ երկրների համար ռուսալեզու հեռուստաալիք բացելու համար: Այդ մասին հաղորդում է լեհական «Money.pl» պորտալը՝ վկայակոչելով «PAP» լրատվական գործակալությանը: Հեռուստաալիքի գաղափարը քննարկվում է «Եվրոպական հեռուստատեսությունն Արեւելյան գործընկերության երկրների համար» եւ «Եվրոպայի ձայնը» աշխատանքային անվանումների ներքո:

Ինչպես հայտարարել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Կատաժինա Կասպերչիկը, նման հեռուստաալիքի անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ այդ երկրների բնակիչները հիմնականում տեղեկությունները ստանում են ռուսական լրատվամիջոցներից, որոնք «չեն պահպանում օբյեկտիվությունը» եւ «կիրառվում են որպես տեղեկատվական պատերազմի գործիքներ», ինչի մասին վկայում է ուկրաինական հակամարտությունը:

«Միջոցների հատկացման մասին վերջնական որոշումը դեռ չի կայացվել: Տարբեր սցենարներ են դիտարկվում, ինչպես նաեւ պետությունների ֆինանսական մասնակցությունը»,- հայտարարել է Կասպերչիկը Լեհաստանի սեյմի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում:

Նախագիծը ստեղծվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի հովանու ներքո: Հիմնադրամի նպատակն է Եվրամիության հարավային ու արեւելյան հարեւանության երկրներում ժողովրդավարական բարեփոխումների աջակցությունը: