Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի գործով նախաքննությունն առաջիկա շաբաթ հավանաբար կավարտվի: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Փասռտաբանը փոխանցեց, որ նախաքննությամբ իր պաշտպանյալին առաջդրված մեղադրանքը չի հաստատվում, իսկ քննիչների գործողություններում էլ միտում է նկատում:

«Իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել միայն ենթադրություններով: Փորձագիտական հանձնաժողովային եզրակացություն կա, որը ենթադրյալ կապ է տեսնում երեխայի մահվան եւ բժշկի գործողություններում: Հանձնաժողովը նկարագրում է գործողություններ, որոնք Ղուկասյանը ժամանակին չի կատարել եւ հետեւություն են անում, որ եթե կատարեր, ապրելու հավանականությունը կմեծանար, սակայն հստակ չէ՝ այդ գործողություններից հետո երեխան կապրեր, թե ոչ: Մինչդեռ այստեղ բուժման մեթոդիկայի ընտրությունն է: Վլադիմիր Ղուկասյանն այնպիսի գործողություններ է կատարել, որ ինքը միշտ կիրառել է, եւ մարդիկ փրկվել են: Եթե անգամ ճիշտ չի ընտրվել բուժման եղանակները, դա չի նշանակում, որ բժիշկը եղել է անփույթ եւ անբարեխիղճ»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Վլադիմիր Ղուկասյանը դեպքի օրը նույնիսկ հերթափոխի չի եղել, տնից եկել է՝ հատուկ դանակահարված երեխային օգնելու համար. «Դատավարության ընթացքում մենք կապացուցենք, որ բժիշկը սխալ չի եղել, իր պարտականությունները կատարել է ճիշտ: Մինչեւ այդ էլ իմ պաշտպանյալը կմնա կալանքի տակ, որովհետեւ ըստ նախաքննական մարմնի՝ կան չհարցաքննված վկաներ, եւ եթե Վլադիմիր Ղուկասյանն ազատության մեջ լինի, կխոչընդոտի»:

Նշենք, որ ըստ նախնական մեղադրանքի՝ Վլադիմիր Ղուկասյանը թերացել է իր աշխատանքում, որն էլ առաջացրել 15-ամյա տղայի մահը:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ 2013թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին, որից հետո վերջինս հիվանդանոցում մահացել է: Գործն արդեն դատարանում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: