Եռյակի հոկտեմբերի 24-ի հանրահավաքում պարզ դարձավ, որ եռյակը շտաբ է բացելու, որը բնականաբար լինելու է ԲՀԿ-ի շտաբը,  քանի որ մյուս երկու ուժերը չունեն այդ ռեսուրսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ այդ հանրահավաքում պահանջ դրվեց ընտրական օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու, իսկ մնացածը, ըստ փորձագետի, ինչ խոսեցին, միայն եթե-ներով է՝ «եթե..., ապա...», հավանաբար ինչպես Տեր-Պետորսյանն ասաց, ամբողջությամբ իրենց մարտավարության խաղաքարտերը մինչեւ վերջ չբացելու համար:

Ինչ վերաբերում է հասարակության վերաբերմունքին, Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ դա կարող է լինել տարբեր՝ հաշվի առնելով այդքան անհստակությունները, վերաբերմունք էլ կարող է լինել եւ հավանաբար կլինի խիստ տարբեր: «Եռյակը թե ներքին, թե արտաքին հարցերում միատարր չէ, մարդիկ էլ, ովքեր հավաքվել էին հրապարակում, ունեն տարբեր նախասիրություններ, դրանից ելնելով կարծում եմ հակասական տրամադրություն կա: Մի բան կարող ենք ասել՝  եռյակը այսօր օգտագործում է հասարակության կողմից ուղղակի արդեն շատ բարձր մակարդակի հասած խիստ դժգոհությունն իշխանություններից, որովհետեւ իշխանությունները մատները մատներին չեն խփում, իրենց պարտականությունները չեն կատարում, սա վերաբերում է թե ներքին, թե արտաքին հարցերին»,-ասաց նա: