Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», կկանգնի այն քաղաքական ուժի կողքին, որը կներկայացնի ժողովրդի շահերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում 2017թ. խորհրդարանական ընտրություններին պատրաստվող նախկին պատգամավորն անդրադարձել է եռյակին եւ ներքաղաքական իրավիճակին:
Պարոն Հակոբյան, Դուք պատրաստվում եք խորհրդարանական ընտրություններին, իսկ եռյակն իշխանափոխության կոչեր է անում: Հնարավո՞ր է՝ միանաք խորհրդարանական ոչ իշխանական եռյակին:
Ես այն ուժերի կողքին են, ովքեր գործում են՝ ի շահ ժողովորդի, ներկայացնում են ժողովրդի խնդիրները: Բնական է, որ ես կողմնակից եմ այդ ուժի հետ գնալ ընտրությունների:
Ո՞ր ուժին նկատի ունեք:
Չգիտեմ՝ որ ուժերը կլինեն, բայց այն ուժերը, որոնք ժողովրդի համար կներկայացնեն նրանց շահերը, կներկայացնեն ծրագրեր, որոնք կբարելավեն հայ ժողովրդի վիճակը:
ՀՀԿ-ն է՞լ է ժողովրդի շահերը ներկայացնում, պարոն Հակոբյան:
Ծրագրերը պետք է նայել, հայտնի չէ՝ ՀՀԿ-ն ի շահ ժողովրդի է անում, թե ոչ: Իմ կարծիքով՝ պետք է լինի տնտեսական, սոցիալական ծրագիր տասը տարվա համար:
Եռյակի օրակարգում հենց սոցիալական եւ տնտեսական խնդիրներն են դրված:
Եռյակը փորձում է հավաքական հնարավորություններն օգտագործել՝ ի շահ ժողովրդի, ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում: Ուժեղ պետությունը պետք է ունենա ուժեղ ընդդիմություն, իշխանությունները նրանց ավելի շատ հնարավորություններ պետք է տան, չպետք է ընդունեն՝ որպես թշնամի, որովհետեւ ուժեղ ընդդիմությունը երբեք վնաս տալ չի կարող ասել:
Պարոն Հակոբյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ընդդիմություն համարո՞ւմ եք:
Ցանկացած մարդ, որն ընդդիմանում է, ինչպե՞ս չենք կարող ընդդիմություն համարել: Մարդ կա՝ մեկ ամիս է ընդդիմադիր, մեկ տարի է ընդդիմադիր, միշտ է ընդդիմադիր: Ես մարդ եմ ճանաչում, որն անկախ ամեն ինչից՝ ընդդիմություն է, իշխանությունը կապ չունի: Եթե ընդդիմանում է ԲՀԿ-ն, ուրեմն ընդդիմություն է: Թե ինչքան կտեւի այդ ընդդիմությունը, չեմ կարող ասել:
Համոզված եմ՝ եռյակի հանրահավաքի ելույթներին հետեւել եք, տեղյակ եք նրանց կոչերից: Այս ամիսների ընթացքում հանդիպումներ ունեցե՞լ եք եռյակի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար նրանց տեսակետները:
Յուրաքանչյուրի հետ էլ պետք է հանդիպել, քննարկել, հո չե՞նք կարող մեկուսանալ: Ո՞վ է արգելում, մարդիկ պետք է հանդիպեն, շփվեն, լսեն միմյանց կարծիքները: Մարդկանց լսել է պետք: Մի անգամ դասախոսության էինք, հոլանդացի մի աղջիկ պատմեց, որ մի պատգամավոր 4 տարի անընդմեջ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնում խորհրդարան, սակայն ամեն անգամ խորհրդարանն այն չի ընդունում: Մի օր էլ այդ պատգամավորը մտնում է խորհրդարան եւ մերկանում: Նրա շուրջը սկսում են մարդիկ են հավաքվել ու հետաքրքրվել, թե ինչու է մերկացել: Այդ ժամանակ արդեն պատգամավորն ասում է իր օրենսդրական նախագծի մասին, հավաքվածները ստիպված վերցնում են ընթերցում ու հասկանում, որ խելոք բան է առաջարկում: Այդպիսով, նախագիծը դրվում է շրջանառության: Տեսնում եք՝ մարդն իր վրա ուշադրություն հրավիրեց, ինքը կարողացավ քայլեր անել: Հիմա մեր քաղաքական ուժերն են, յուրաքանչյուրն ունի իր քաղաքական մոտեցումը, դիրքորոշումը: Ոչ մի վատ բան չեմ տեսնում, ընդդիմությանն այլեւս չպետք է թշնամությամբ նայել: Եթե մարդիկ մտահոգված են մի հարցի շուրջ, պետք է լսել տարբեր կարծիքներ, ոչ թե ասել՝ դուք սխալ եք, կարող է՝ ճիշտ բան են առաջարկում: Ցանկացած մարդ, եթե ճիշտ է խոսում, ռեալ է գնահատում իրավիճակը, ես իր կողքին եմ, այստեղ խրամատներ չկան:
Պարոն Հակոբյան, Ձեր խոսքերում նեղացվածություն է նկատվում: 2012թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն Ձեզ չսատարեց:
ՀՀԿ-ն որեւէ մեկի սեփականությունը չէ, քաղաքական կառույց է, որտեղ կարելի է դառնալ կուսակցության անդամ: Այստեղ կարեւոր է, թե կուսակցությունն իր ծրագրերից շեղվում է, թե ոչ: Քաղաքական ուժերը կարող են այսօր մի կուրսով գնալ, վաղը մյուսով: Եթե խորհուրդը կիսում է քո ծրագրերը, թե ինչպես պետք է ապրել, ապա դու իրենց կողքին ես: Եթե ոչ, բնական է, որ դու դառնում ես կուսակցության մեջ ընդդիմություն: Ամեն դեպքում, ցանկացած կուսակցությունից էլ կարելի է դուրս գալ: Այստեղ սահմանափակումներ կան, նման արգելք չկա, որ մտել ես, վերջ, պիտի մինչեւ վերջ մնաս այդ կուսակցությունում:
Այսինքն հնարավո՞ր է՝ դուրս գաք իշխող կուսակցությունից:
Ես ազատ եմ իմ գործողությունների մեջ, եթե սխալ ուղղությամբ գնան, ես դուրս կգամ: Բնական է, որ դուրս կգամ, բայց դեռ սխալ քայլեր չեմ տեսնում: Տեսնենք, թե հայ-թուրքական հարաբերություններն ինչպես կզարգանան, ԵՏՄ-ին միանալուց հետո ինչ կփոխվի: Պետք է հետեւել քաղաքական իրավիճակին ու քննարկել:
Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը




























