Կով գողանալու կասկածանքով կալանավորված Նարեկ Խասափետյանի նկատմամբ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, որպես խափանման միջոց ընտրել են չբացակայելու մասին ստորագրությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Ծաղիկ Անդրեասյանը, նշելով, որ նույն գործով կալանավորված, ամուսնու ընկերների՝ Գոռ Թովմասյանի եւ Սամվել Թովմասյանի խափանման միջոց կալանքը մնացել է անփոփոխ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին խափանվել էր Սամվել Թոմասյանի՝ Երեւանի Կիեւյան կամրջից ինքնասպանության կատարելու փորձը։
«Ամուսնուս խափանման միջոցն այսօր փոխեցին՝ հաշվի առնելով, որ հղի եմ եւ մոտ օրերս ծննդաբերելու եմ, վարձով ենք բնակվում եւ չեմ կարող մենակ մնալ: Սամվելն էլ իր հիվանդ եղբորը, նրա կնոջն ու երեխաներին էր պահում, հիմա որ կալանավորված է՝ չգիտենք, ինչպես են ապրելու»,-ասաց Ծաղիկ Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ Գոռ Թովմասյանը արդեն չորրոդ օրն է՝ բերանը կարել է եւ շարունակում է հացադուլը, իրենք էլ տեղյակ չեն նրա առողջական վիճակից:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հոկտեմբերի սկզբին Նարեկ Խարսափետյանը, Սամվել Թովմասյանը եւ Գոռ Թովմասյանը աշխատանքից տուն վերադառնալիս Նուբարաշենում կով են տեսել, դրել են մեքենան, գյուղ են տարել եւ վերադարձրել տիրոջը: Անասունի տերը, որը մինչեւ այդ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, հետ էր վերցրել իր բողոքը, սակայն 3 ընկերներին, այնուամենայնիվ, ձերբակալել էին գողության կասկածանքով։
Նշենք, որ Սամվել Թովմասյանին, Գոռ Թովմասյանին եւ Նարեկ Խարսափետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կատարված գողություն):




























