Մեր երկրում ազատ մամուլի գոյությունը անշրջելի իրողություն է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Արարողության բացումն արել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, ով, շնորհավորելով թերթի 25-ամյակը, հատկապես գնահատել է եկեղեցու գործունեության հետ կապված «Իրավունք» թերթի հրապարակումները: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է «Սահմանադրական իրավունք» միավորման եւ վերջինիս «Իրավունք» թերթի ստեղծումն ու գործունեությունը պատմող ֆիլմ:
Նախագահ Սերժ Սարգյանը սրտանց շնորհավորել է «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա հատկապես լրատվամիջոցների համար պատկառելի տարիք է: «Մարդու կյանքի 25 տարիները, հավանաբար, ամենաերջանիկ տարիներն են: Քսանհինգ տարեկանում բոլորս էլ կյանք ենք մտել՝ ուրվագծելով մեր երազանքի ճանապարհը: Ամեն մեկի մոտ տարբեր է ստացվել: Սակայն նրանք, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել: Թերթի համար, վստահ եմ, որ այդ տարիները կայացման, զարգացման, անշուշտ, նաև պայքարի տարիներ էին: Այսօր, կարծում եմ, «Իրավունք»-ն իրավամբ իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ազատ լրատվական դաշտում:»
Հոբելյանի կապակցությամբ, թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար, Հանրապետության Նախագահը Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի են արժանացել նաև թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը՝ թերթի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:




























