Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Հայ ոսկերչի տոնի առթիվ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն ողջունում եւ շնորհավորում եմ ոսկեգործության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Հայ ոսկերչի մասնագիտական տոնի առթիվ:
Հայաստանում ոսկեգործության ոլորտը զարգացած է եղել դեռեւս վաղ անցյալում: Հայ ոսկերիչների աշխատանքները մշտապես հարգանք են վայելել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս: Դրան մեծապես նպաստում է նաեւ հայկական սփյուռքի ոսկերիչների գործունեությունը, որոնք սնվելով ազգային ակունքներից իրենց անգնահատելի նպաստն են բերում հայ ոսկերչության միջազգային ճանաչմանն ու բարձր գնահատականի արժանացմանը:
Ուրախությամբ եմ նշում, որ հանրապետության ոսկեգործության ոլորտն այսօր պատվով է ներկայանում արտաքին շուկաներում եւ ավելի ու ավելի ճանաչելի է դառնում, իսկ բարձրաճաշակ արտադրանքը վկայում է հայ ոսկերիչների հմտության ու վարպետության բարձր մակարդակի մասին:
Հայաստանի կառավարությունը՝ գործողությունների ծրագրի շրջանակներում պետական աջակցության գործիքակազմի օգտագործման եւ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով այսօր գործուն քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու, ոլորտի արտադրանքը արտաքին շուկաներում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ: Դա, իր հերթին, կնպաստի Հայաստանը՝ գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց դարձնելու ռազմավարությանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ եւ ստեղծագործական նոր հաջողություններ»,- ասել է Աբրահամյանը:




























