Բոլոր պատգամավորները ազատ են, կարող են եւ պարտավոր են իրենց ասելիքը ասել՝ անկախ սեռային պատկանելիությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով Վարդան Այվազյանի հայտարարությանը, թե կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը, եթե անգամ այդ կինը պատգամավոր է:
Նա շեշտեց, որ որքան քաղաքականության մեջ կանայք ակտիվ լինեն, այնքան քաղաքականությունը կշահի: «Իրականում եթե դա դիտարկում ես տղամարդ-տղամարդ բանավեճ, դա ուրիշ հարթություն է, բայց այնտեղ բանավեճ էր պատգամավորների միջեւ եւ միջամտել է պատգամավորը, դա նորմալ է, երբ մարդը իր վրդովմունքը, տեսակետը, ասելիքը արտահայտում է, այստեղ սեռային պատկանելիությունը կապ չունի: Այստեղ մենք գործ ունեինք պատգամավորների հետ, նրանք էին իրենց դժգոհությունը արտահայտում»,-ասաց Մարգարիտ Եսայանը:
Պատգամավորն ասաց, որ այդ օրը նիստին երկու երկխոսություն եղավ, առաջինը՝ Վարդան Այվազյանի եւ Հրանտ Բագրատյանի միջեւ, որը մասնագիտական առումով եւ տնտեսական վերլուծության իմաստով եւ այդ օրենքի նախագծի քննարկման առումով շատ ավելի կարեւոր ու հետաքրքիր էր. որովհետեւ եւ Բագրատյանը, եւ Այվազյանը գիտեն ինչի մասին են խոսում, 90-ականներից սկսած՝ զուգահեռներ տանելով պրոֆեսիոնալ քննարկում էր, որը կարելի էր հաճույքով լսել: Իսկ երկրորդը՝ Վարդան Այվազյանի եւ Նիկոլ Փաշինյանի բանավեճն էր. «Ցավալին այն է, որ բոլորը անդրադարձան այդ երկրորդին, առաջինը անտեսեցին, սա խոսում է հարաբերություններում արժեհամակարգի մասին: Երբ պրոֆեսինալ քննարկում եղավ, ոչ ոք չանդրադարձավ, բայց երբ ձայներ բարձրացվեցին, ավելի ագրեսիվ, հռետորիկան փոխվեց, անմիջապես լրատվամիջոցները անդրադարձան,ինչը ցավալի է»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ 4-րդ գումարման ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւ Վարդան Այվազյանը վիճաբանում էին, ինչին միջամտեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:




























