Ամբողջությամբ ավարտվել եւ շահագործման է հանձնվել Տիգրան Մեծի պողոտան Սարալանջի փողոցին կապող նոր ճանապարհահատվածը, որն էապես բեռնաթափել է տվյալ հատվածի երթեւեկությունը:

Բացի այդ, աշխատանքներ են տարվում նախկին երկաթգծի կամուրջը որպես հետիոտնային անցում վերակառուցելու եւ շահագործման հանձնելու ուղղությամբ: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտված են 5 մարզադպրոցների ջեռուցման համակագերի անցկացման ու 12 գրադարանների, 3 առողջապահական հաստատությունների եւ 3 արվեստի դպրոցների հիմնանորոգումները: Ավարտին են մոտենում նաեւ երաժշտական դպրոցների ու մանկապարտեզների տարեկան ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները: 

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների ընթացքի հետ կապված  զեկուցվել է, որ կառուցվել եւ արդեն շահառուների օգտագործմանն է հանձնվել ավելի քան 850 թեքահարթակ, որից 271-ը նախկինում կառուցված օբյեկտների մուտքեր են, որոնք հաշմանդամների համար հարմարեցվել են սեփականատերերի կողմից: