Երեւանի քաղաքապետարանը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ հատկապես երեկոյան ժամերին մի շարք երթուղիներում նկատվում է տրանսպորտային միջոցների նվազում, որոշ դեպքերում՝ ընդհուպ շարժակազմերի բացակայություն: Այս մասին քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Եթե կա դժգոհություն, ուրեմն համապատասխան ծառայությունները պարտավոր են լրացուցիչ ուսումնասիրել ու հատկապես մատնանշվող թերացումների ուղղությամբ իրականացնել վերահսկողությունը: Ըստ այդմ, հատուկ հսկողություն սահմանեք հասարակական տրանսպորտի աշխատանքի հատկապես ուշ ժամերին իրականացվող սպասարկման նկատմամբ եւ խստորեն հետեւեք, որպեսզի բոլոր երթուղիներն իրենց չվացուցակով սահմանված ժամերին ապահովեն համապատասխան սպասարկումը: Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն ապահովի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք համապատասխան քայլեր եւ նրանց ենթարկեք վարչական տույժերի», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:



























