Հոկտեմբերի 27 չունենալու դեպքում շատ բան կփոխվեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

«Դրական առումով շատ բան կփոխվեր Հոկտեմբերի 27 չունենալու դեպքում, բայց քանի որ մենք ունեցանք Հոկտեմբերի 27, մեր ամբողջ հույսերը, նպատակները, մեր պետության կայացման, ամրապնդման հարցում հետ ընկավ, բայց հույս ունեմ, որ կուղղվի, որովհետեւ նորից հավաքվել ենք, նորից պիտի մեկտեղվենք ամբողջ ազգով, քանի դեռ Սպարապետի հետ մեր ուխտը չենք ուրացել ու մոռացել»,-ասաց նա:

Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝  իրենք ամեն անգամ «Եռաբլուր» գնալով հաշվետվություն են տալիս Սպարապետին. «Մեր հաշվետվությունն առայժմ թերի է, մենք առայժմ չենք կարողացել շտկել մեր մեջքը»:

Ազատամարտիկը նշեց, որ կգա ժամանակը, երբ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի:

Ռազմիկ Պետրոսյանը, որը նաեւ Վազգեն Սարգսյանի մարտական ընկերն է, Սպարապետին հիշում է հպարտ, առնական, փխրուն. «Վազգենը շատ ավելի ընկերասեր էր, քան յուրաքանչյուրը կարող է պատկերացնի: Նրանք, որոնք Վազգենին մոտիկից էին ճանաչում որպես մարդ-Սպարապետ էին ճանաչում, ոչ թե զինվոր-Սպարապետ, ինքը հրաշք անձնավորություն էր: Ցավում եմ, որ իմ ճակատագրի անցած 15 տարին առանց Վազգենի է անցել»:

Ռազմիկ Սարգսյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանը շատ ավելի մեծ արժեք էր, քան նրա կենդանության օրոք էին պատկերացնում:

«Վազգենը եթե 10-15 վայրկյանով գլուխը բարձրացներ, շատ շատերը տեղում կմեռնեին: Սպարապետը իր մահով անգամ արդարացրեց Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի փախչելը մեր երկրից, սա ապացույց էր, որ նրանք ճիշտ են արել՝ գնացել են, հակառակ դեպքում մենք կսպանեինք մեր հերոսներին»,-ասաց ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեց կառավարության եւ եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց երեք տարի (2001-2003): 6 ահաբեկիչները, այդ թվում նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: Շատերը պնդում են, որ դրա թիկունքում կանգնած է եղել իշխանության այն հատվածը, որը ահաբեկչությունից հետո ամբողջությամբ տեր դարձավ երկրի իշխանությանը: