Առաջիկա տարիներին Հայաստանում քրեակատարողական նոր հիմնարկներ կկառուցվեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԵԽ գլխավոր քարտուղարության ծրագրերի տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԽ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել, որ Հայաստան կատարած այցի նպատակը համագործակցության հետագա ուղիները նախանշելն է:

Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ներկայիս մակարդակը եւ ներկայացրել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության ծրագրերն ու առաջնահերթությունները:

Նախարարը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության խթանման, կոռուպցիայի դեմ պայքարի, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հովհաննես Մանուկյանն առանձնացրել է նաեւ քրեակատարողական համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումները եւ նշել, որ առաջիկա տարիներին նախատեսվում է քրեակատարողական նոր հիմնարկների շինարարություն: «Այս տարի ծրագրում ենք շահագործման հանձնել մոտ 400 դատապարտյալի համար նախատեսված «Արմավիր» ՔԿՀ-ի առաջին մասնաշենքը: Նախատեսում ենք նաեւ օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում կբարձրանա քրեակատարողական ծառայության արդյունավետությունը, կբարեփոխվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը»,-նշել է արդարադատության նախարարը:

Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է նաեւ պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու ընդգծել, որ ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծմանը, այլեւ կալանքին այլընտրանք համարվող խափանման միջոցների առավել լայն կիրառմանը՝ նվազեցնելով նախնական կալանքների թիվը:

Վերենա Թեյլորը նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ առկա է երկխոսություն:

Հովհաննես Մանուկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է հանրային սեկտորի հետ հարաբերություններում եւ որոշումների կայացման հարցում առավելագույն ներգրավվածության քաղաքականություն: Իբրեւ օրինակ՝ նախարարը նշել է ՀՀ արդարադատության նախարարին կից ստեղծված հանրային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները:

ԵԽ ներկայացուցիչը կարեւորել է նախարարի բարձրացրած հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը եւ հայտնել համագործակցության պատրաստակամություն:

Հանդիպման ավարտին, տեղեկանալով, որ Վերենա Թեյլորը կարճ ժամանակով է այցելել Հայաստան, Հովհաննես Մանուկյանը հյուրին նվիրել է Հայաստանի տեսարժան վայրերի մասին պատմող տեսաֆիլմ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, այլք: