Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության հեղինակած «Հակամենաշնորհային կարգավորման մասին» օրենքի նախագծին։ Այդ եզրակացությունը ներառված է կառավարության հուլիսի 1-ի նիստի օրակարգում, որից հետո պաշտոնապես կուղարկվի խորհրդարան։
Դաշնակցությունն այդ օրենքով առաջարկում է խստացնել հակամենաշնորհային եւ մրցակցության պաշտպանության կարգավորումը, միավորել 2 հանձնաժողովները՝ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հանրային ծառայությունները կարգավորող, նորաստեղծ միասնական հանձնաժողովը հաշվետու դարձնել Ազգային ժողովի առջեւ, խստացնել պատժամիջոցները եւ այլն։
Օրենքի նախագիծը հիմնավորելու համար հեղինակները կառավարության ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ՝ «քաղաքականություն որպես այդպիսին չկա» կամ՝ «հանրության առջեւ հաշվետվություն չկա»։
Կառավարությունը, բնականաբար, հերքել է այդ մեղադրանքները։ Ավելին՝ ԱԺ-ին հաշվետվությունների ներկայացումը կառավարությունը բնորոշել է որպես կառույցը «քաղաքականացված մարմնի» վերածում, այնինչ նախագծում ընդամենը խոսք է գնում տարեկան աշխատանքային ծրագիրը եւ գործունեության արդյունքները խորհրդարանի կողմից հաստատելու մասին։ Կառավարությանն ավելի շատ զայրացրել է այն հանգամանքը, որ հաշվետվությունը 2 անգամ անընդմեջ չհաստատելու դեպքում մարմնի ղեկավարը պետք է հրաժարական տա։ Գործող օրենքներով ԱԺ-ն որեւէ առնչություն չունի հանձնաժողովների ղեկավարների նշանակման կամ ընտրության հարցերում, այն բացառապես նախագահի իրավասությունն է։
Չի կարելի միանշանակ պնդել, որ Դաշնակցությունը մինչեւ վերջ անկեղծ է մենաշնորհների դեմ պայքարում։ Օրինակ՝ ներկայացված օրենքի նախագծում հակամենաշնորհային խորհրդի նախագահի պաշտոնի թեկնածուն առաջնահերթ պետք է առաջադրվի ընդդիմության կողմից։ Ստացվում է, որ իրենք իրենց համար օրենքի նախագիծ են մշակել։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, թե մրցակցության պաշտպանությունը Հայաստանում ինչ թույլ մակարդակի վրա է, սպառողների համար մեծ հաշվով էական չէ, թե ով է ղեկավարելու այդ հանձնաժողովը՝ հանրապետակա՞ն, դաշնակցակա՞ն, թե՞ դեգրադացված ինչ-որ չինովնիկ, որն իրավիճակից կախված՝ կամ հանրապետական է, կամ դաշնակցական։ Թերեւս ամենահարմար թեկնածուն պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, որի ընկերությունների դեմ առավել հաճախ են վարույթներ բացում գերիշխող դիրքը չարաշահելու համար։ Նրա նշանակումով գոնե մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերջապես կդադարի մուկն ու կատու խաղալ։
Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս հայտարարել է օլիգոպոլիաների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։ Հանրապետական Վարդան Այվազյանը օրերս հայտարարեց, որ այդ պայքարի արդյունքները դեռ տեսանելի չեն։
Սամվել Ավագյան


























