Կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Ուկրաինայի քաղաքացիները ընտրություն են կատարել ի օգուտ եվրոպական ինտեգրման: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ քաղաքացիների մեծ մասը քվեարկել է նախագահի եւ վարչապետի, ինչպես նաեւ նախկին վարչապետ Տիմոշենկոյի եվրոպամետ կուսակցությունների  օգտին: Հավանաբար, մոտ ժամանակներս կոլաիցիա կձեւավորվի, եւ խորհրդարանը կսկսի իր աշխատանքը, նշեց դեսպանը:

Ուկրաինացի դիվանագետն ընդգծեց, որ միջազգային դիտորդները ընտրությունները ճանաչել են թափանցիկ եւ ժողովրդավարական: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները երկրի տնտեսությունն ու օրենսդրությունը կադապտացնեն եվրոպականին՝ ապագայում ԵՄ-ի անդամակցության հարցը առաջադրելու նպատակով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա դեսպանն ընդգծեց, որ ռուսական կողմը նույնպես, ընդհանուր առմամբ, դրականորեն է արձագանքել: