Արդեն մի քանի օր է, ինչ Ազգային ժողովի բուֆետ նոր աշխատեցնող ունի: ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բուֆետի աշխատանքը այժմ կազմակերպում է «Ազգային սնունդ» ՍՊԸ-ն: Ընկերությունը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա վերազինել, վերակազմակերպել աշխատանքը, այդ մեկ շաբաթը կլրանա մյուս շաբաթվա ընթացքում:
Թե ինչեր է փոխելու նոր տնտեսվարողը, պարզ կլինի առաջիկայում: Արսեն Բաբայանն ասաց, որ ըստ խոսակցությունների՝ գները հիմա էլ են նվազել, իսկ ճաշացանկը հագեցած է:
Նշենք, որ «Ազգային սնունդը» ժամանակին եւս աշխատեցնում էր ԱԺ-ի ճաշարանը, այնուհետեւ գնացել էր ԱԳՆ:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում էին ԱԺ-ի բուֆետի աշխատանքին՝ մատնանշելով մի շարք թերություններ: Բուֆետի գործունեությունը չէր գոհացնում նաեւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին, ինչի մասին գործարարը տեղեկացվել է: Նկատի ունենալով քառօրյա նիստերը` աշխատակազմը նույն գործարարին դեռեւս թույլատրել էր այդ ընթացքում շարունակել աշխատանքը: Այնուհետեւ Ազգային ժողովի աշխատակազմը քննարկել է ներկայացված հայտերը, որոնցից լավագույնին հնարավորություն ընձեռել կազմակերպել բուֆետի աշխատանքը:





























