ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո») միջին մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Արթուր Զադոյանի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունը  լղոզված է, եւ  չի  հիմնավորում Արթուր Զադոյանի մեղքը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին լրագրողներին ասաց Արթուր Զադոյանի փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը։

«Ցուցմունքները հակասում են անգամ դեպքի վայրի զննության արձայնագրության, սակայն նախաքննական մարմինը հիմք է ընդունել, որ բոլոր ցուցմունքերը հավաստի են եւ դրել է մեղադրական եզրակացության հիմքում, իսկ Զադոյանի ցուցմունքերը գտել է, որ իրարամերժ են, եւ չի դրվել մեղադրական եզրակացության  հիմքում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ նույնիսկ փորձարարություն չի կատարվել, թե արդյոք Զադոյանը կարող էր գուլպայի մեջ դնել ատրճանակ, վազել եւ այլն, ինչը նույնպես կոպիտ նախաքննական խախտում է։

Փաստաբանը անդրադարձավ նաեւ դատարանում դատավորի կողմնակալ վերաբերմունքին. «Դատավորը ոչ մի կերպ չարձագանքեց Կարո Կարապետյանի վարքին, ոչ նրա վարորդի ցուցմունքի ժամանակ նրա միջամտելուն, եւ նրա կողմից դատարանում հնչեցված սպառնալիքներին»։

Սուսաննա Սարգսյանի խոսքով՝ նախաքննության ընթացքը բազմաթիվ խախտումներով  է իրականացվել, սկզբում մեղադրական եզրակացություն է կազմվել, հետո փորձել են ապացույցներ հավաքել, որ համապատասխանի։

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պդնմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։