«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկած երկու փոփոխությունները խնդրահարույց են եւ ապտակ են հասցնում հղի կանանց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մայրության արձակուրդի արդարացի փոխհատուցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթեւիկ Դավթյանը:
«Առաջարկվող փաթեթի մեջ երկու դրույթ կա՝ առաջինը՝ հղիության արձակուրդի ժամանակահատվածի համար կնոջը տրամադրվող փոխհատուցման համար առավելագույն վերին շեմ սահմանելը, եւ երկրորդը, այդ փոխհատուցման չափը կնոջ՝ վերջին գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժով պայմանավորելը: Այս երկու դրույթները խնդրահարույց են նախեւառաջ իրավական տեսանկյունից, քանի որ հակասում են ինչպես սահմանադրական իրավունքի նորմերին, այնպես էլ տեղական օրենսդրությանը եւ միջազգային համաձայնագրերին, որոնց Հայաստանը միացել եւ ստորագրել է»,- ասաց Տաթեւիկ Դավթյանը։
Խոսելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության փաստարկների մասին, նախաձեռնության անդամները նշեցին, որ հղի կանանց հաշվին անարդար կլինի լուծել պետբյուջեի ծախսարդյունավետության խնդիրները:
«Նախարարությունն այս փաթեթը ներկայացրել է այն առումով, որ երեխայի, անաշխատունակ մայրերի համար տրամադրվող գումարը պետբյուջեին ծախսարդյունավետության խնդրի առաջ է կանգնեցնում, եւ մենք որպես ՀՀ գիտակից քաղաքացիներ մտահոգ ենք եւ շահագրգիռ ենք, որ պետբյուջեի բոլոր միջոցները ծախսվեն ըստ նպատակի եւ լինեն հասցեական: Բայց մեր կարծիքով՝ չի կարելի ապահովել բյուջեի ծախսարդյունավետությունը՝ ոտնահարելով մայրության պոտենցիալ ունեցող ցանկացած կնոջ իրավունքը»,- ասաց Տաթեւիկ Դավթյանը:
Նախաձեռնության անդամ Անուշ Բաբայանի կարծիքով էլ, այս փոփոխությունների փաթեթը կարող է ազդել եթե ոչ երկրորդ, ապա երրորդ երեխա ունենալու՝ կնոջ ցանկության վրա՝ վտանգելով ժողովրդագրական աճի խնդիրը Հայաստանում:
«Դա հղի կնոջ առողջական եւ հոգեբանական վիճակն է, որին պետք է հնարավորինս զերծ պահել ցանկացած սթրեսից, պետք է ուշադրության արժանացնել շրջապատի, առավելեւս կառավարության կողմից, քանի որ նա պատրաստվում է լույս աշխարհ բերել իր երեխային այնպիսի երկրում, որն ունի ժողովրդագրական եւ միգրացիոն խնդիրներ»,- ասաց Անուշ Բաբայանը:
Նշենք, որ նախաձեռնության անդամները ձեռնարկել են նաեւ ստորագրահավաք, որով կառավարությանը ցույց են տալու, որ ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ համակարծիք են, որ այս օրենքում առաջադրված փոփոխություններն անթույլատրելի են:
Հիշեցնենք, որ ըստ օրենքի փոփոխությունների, կրճատվում է աշխատող հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը, դրվում է միջին աշխատավարձի վերին շեմ, որից հաշվարկվելու է մայրության նպաստը, կրճատվում է երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (ներկայում վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը): Կառավարությունը փոփոխությունները հիմնավորում է այդ գումարների հաշվին չաշխատող կանանց համար մայրության նպաստ սահմանելու անհրաժեշտությամբ։





























