Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղացած կարկուտից անցել է արդեն 2 ամիս, սակայն տանիքների վերանորոգումն ամբողջությամբ դեռ չի արվել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ճամբարակ համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը հայտնեց, որ եղանակային պայմաններն են խանգարում:
«Բնակիչներն անձամբ պետք է վերանորոգեն, իսկ մենք մետղական թիթեղներն ենք տալիս, մենք այդպես ենք պայմանավորվել նրանց հետո: Քանի որ եղանակային պայմանները լավը չեն, ստիպված հետաձգվել են աշխատանքները: Մարդկանց մի մասը դեռ թիթեղներն էլ չի ստացել, սպասում է՝ եղանակը լավանա»,- ասաց Ավալյանը:
Նշենք, որ մարզպետարանը մետաղական թիթեղները սկսել է բաժանել հոկտեմբերի սկզիբ:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ճամբարակ համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին ժամը 15.30-ի սահմանում մոտ կես ժամ ձվի մեծության կարկուտ է տեղացել:
«Վնասվել են համայնքի գրեթե բոլոր տեսակի ազբոշիֆերները, կարկուտի հատիկները ուղղակի ծակել, անցել են շիֆերների միջով, ապակիներ են կոտրվել, վնասվել են մեքենաներ. մի խոսքով, ինչի կարողացել ա, կարկուտը վնաս ա հասցրել, անհավանական մեծության էր հասնում, տենց բան չէինք տեսել»,- ասել է նա:




























