Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար-Վազաշեն հատվածում, որտեղ ճանապարհը վտանգավոր է դարձել եւ գրեթե չի օգտագործվում այն բանից հետո, երբ 2013թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը կրակեց այդ հատվածով ընթացող ավտոմեքենայի վրա, նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը շարունակվում է, թեեւ այն պետք է ավարտվեր մինչեւ հոկտեմբերի 30-ը:

Շինարարությունն իրականացնող «Խաչհար» ՍՊԸ-ի աշխատակիցները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ ճանապարհի կառուցումը ձգձգվում է միայն եղանակային վատ պայմանների պատճառով:

«Եղանակային պայմաններն են խանգարում, վերջին օրերի ցուրտը, անձրեւները թույլ չեն տալիս շինարարությունն ավարտել սահմանված ժամկետում: Այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ կավարտենք, ամեն ինչ կախված է եղանակից: Նշեմ, որ հիմա էլ է հնարավոր ճանապարհը շահագործել, բայց պաշտոնական բացումը չգիտեմ՝ երբ կլինի»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:

Ի դեպ, հոկտեմբերի 8-ին «Խաչհար»-ի աշխատակիցները վստահեցրել էին, որ շինարարությունը սահմանված ժամկետում են ավարտելու: 

Նշենք, որ շինարարությունն ի սկզբանե իրականացնում էր «Իջեւան-ճանշին» ընկերությունը, որը խոստացել էր մինչեւ հունիսի 30-ն աշխատանքներն ավարտվել: Հուլիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեղում ծանոթանալով աշխատանքներին, համոզվել էր, որ դրանք անավարտ են եւ հանձնարարել ընկերությանն ամենաուշը օգոստոսի 30-ին ավարտել այն: Ընկերությունը նորից պայմանը չկատարեց եւ արդեն սեպտեմբերին պետությունը պայմանագիրը խզեց «Իջեւան-ճանշին»-ի հետ:

Հիշեցնենք, որ ճանապարհի ամբողջ երկարությունը 3 կիլոմետր 180 մետր է։ Երկու ամենավտանգավոր հատվածներում կառուցվում է նաեւ հենապատ՝ կրակոցներից պաշտպանվելու համար։ Մի հատվածում այն ունի 75 մետր երկարություն, 3 մետր բարձրություն, իսկ առավել վտանգավոր հատվածում, 250 մետր երկարություն եւ  5 մետր բարձրություն։