Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար-Վազաշեն հատվածում, որտեղ ճանապարհը վտանգավոր է դարձել եւ գրեթե չի օգտագործվում այն բանից հետո, երբ 2013թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը կրակեց այդ հատվածով ընթացող ավտոմեքենայի վրա, նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը կավարտվի սահմանված ժամկետում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրին շինարարությունն իրականացնող «Խաչհար» ՍՊԸ-ի աշխատակիցները:
«Հողային աշխատանքներն ավարտվել են, հիմա ճանապարհաի շերտերի շինարարությունն է ընթանում, որը, սակայն, եղանակային պայմաններից ելնելով, ձգձգվում է, բայց այնպես չէ, որ ամբողջությամբ կանգնած է աշխատանքը: Հկոտեմբերի վերջին ճանապարհը կբացվի, ինչպես նշված է պայմանագրով»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:
Նշենք, որ շինարարությունն ի սկզբանե իրականացնում էր «Իջեւան-ճանշին» ընկերությունը, որը խոստացել էր մինչեւ հունիսի 30-ն աշխատանքներն ավարտվել: Հուլիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեղում ծանոթանալով աշխատանքներին, համոզվել էր, որ դրանք անավարտ են եւ հանձնարարել ընկերությանն ամենաուշը օգոստոսի 30-ին ավարտել այն: Ընկերությունը նորից պայմանը չկատարեց եւ արդեն սեպտեմբերին պետությունը պայմանագիրը խզեց «Իջեւան-ճանշին»-ի հետ:
Հիշեցնենք, որ ճանապարհի ամբողջ երկարությունը 3 կիլոմետր 180 մետր է։ Երկու ամենավտանգավոր հատվածներում կառուցվում է նաեւ հենապատ՝ կրակոցներից պաշտպանվելու համար։ Մի հատվածում այն ունի 75 մետր երկարություն, 3 մետր բարձրություն, իսկ առավել վտանգավոր հատվածում, 250 մետր երկարություն եւ 5 մետր բարձրություն։


























