Ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանին պատասխանատվության ենթարկելու եւ «Իտարկո քոնսթրաքշըն» ընկերության հաշվետվությունները պահանջելու գործով դատավարությունը շարունակվում է, սակայն Հրաչ Կապրիելյանը դեռ հրաժարվում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար Արագած Ախոյանին ներկայացնել պահանջած փաստաթղթերը:

«Յոթ գլխանի դեւի պես դատեր են աճում, դատը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ ես արդարությունը բացահայտեմ եւ հանրությանը ներկայացնեմ, թե ով է Կապրիելյանը, հայրենիքի անունը շահարկելով է ապրում էդ մարդը: Բայց ես մինչեւ վերջ եմ գնալու, ի՞նչ է նշանակում՝ օրինական բաժնետիրոջը հաշվետվություն չներկայացնել, լասել՝ ներդրումներ եղել են, թե ոչ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին սկսվելու է նաեւ Հրաչ Կապրիելյանի հակընդդեմ հայցի քննությունը: Նշենք, որ ամերիկահայ գործարարն էլ դատի է տվել ԲՀԿ-ական պատգամավորին՝ իր անունը արատավորելու համար եւ դրա դիմաց պահանջում է 3 մլն դրամ: 

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանն ու «Արցախբանկ»-ի խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, «Իտարկո» ընկերության 80 տոկոսի բաժնետեր ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանը երբեմնի գործընկերներ էին: Նրանց հարաբերությունները լարվեցին, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որեւէ հիմնավոր պատճառի, դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով։ Դեռ 2002թ.-ին Հրաչ-Ներսես Կապրիելյանը, չգիտես ինչու, որոշել է իր եւ Ախոյանի համատեղ ջանքերով հիմնած բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել՝ փորձելով «քցել» Ախոյանի ունեցած, նրա կնոջ անունով 20 տոկոս բաժնեմասը։