«Air Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 20-ից սկսելու է տոմսերի վաճառքը, իդկ դադարն էլ վերցվել է՝ ֆինանսական միջոցներ ներգրավվելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ավիաընկերության ներկայացուցիչ Սիրակ Համբարձումյանը:
«Մի քանի ընկերությունների հետ արդեն բանակցում ենք, սակայն արդյունքների մասին խոսել չենք կարող, որովհետեւ կոմերցիոն գաղտնի է: Մի բան հստակ է՝ «Air Armenia»-ն հայկական եղել է եւ հայկական էլ մնալու է: Մեր գլխավոր նպատակն այն է եղել, որ Հայաստանի Հանրապետության դրոշը ծածանվի տարբեր երկրներում»,- ասաց նա:
Նշենք, որ նախկինում այս ավիաընկերության բաժնետոմսերի մի մասը պատկանում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբորը՝ Վահան Հարությունյանին: Վերջինս մոտ 4 ամիս առաջ վաճառել է իր բաժնետոմսերը: Թե ինչու է վաճառել, Սիրակ Համբարձումյանը «բարոյական չհամարեց մեկնաբանել»:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ մամուլում հրապարակումներ են լինում, որ ավիաընկերությունը սնանկացման եզրին է: Ի պատասխան այս հրապարակումների, հոկտեմբերի 22-ին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Որպես միակ հայկական ուղեւորափոխադրող ընկերության՝ «Air Armenia»-ի համար անցած տարին լի էր ձեռքբերումներով ինչպես նաեւ անցանկալի բացասական անակնկալներով: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ամռան ընթացքում փորձեր եղան ավիաընկերության գործունեությանը խոչընդոտելու ուղղությամբ, որի արդյունքում միտում դիտվեց միակ հայկական ավիափոխադրողի վերացման ուղղությամբ, ինչը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել օտարերկրյա ավիաընկերությունների համար՝ մենաշնորհային եւ անկախ քաղաքականություն իրականացնելու եւ Հայոց երկնքին տնօրինելու ուղղությամբ»:




























