Ադրբեջանում բուռն վրդովմունքի տեղիք է տվել Ստամբուլում հրատարակվող «Ակոս» պարբերականում իրենց հայրենակցուհու աշխատելու փաստը:

«Կան մարդիկ, որոնց համար, ցավոք, ոչ մի սրբություն չկա, այդ թվում՝ Հայրենիք, ովքեր պատրաստ են հանուն անձնական բարիքի անել ամեն ինչ, նույնիսկ մտերմանալ մեր երկրի թշնամիների հետ: Եվ որքան էլ փորձես բացատրել, արդարացնել մեր հայրենակցուհի Արզու Գեյբուլաեւայի արարքները, ոչ մի, բացի այդ կատեգորիայի մարդկանց շարքին նրան դասելն անհնար է»,- գրում է haqqin.az-ը:

Գեյբուլաեւան ապրում եւ աշխատում է Թուրքիայում: «Արզու Գեյբուլաեւան Գեյբուլլա Գեյբուլաեւի դուստրն է, որը ժամանակին եղել է Ադրբեջանի ճարտարապետա-շինարարական համալսարանի ռեկտորը: Պաշտոնից ազատվելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայում, նույնիսկ վարչապետ Էրդողանի խորհրդականն է եղել: Ավելին, ժամանակին Գ.Գեյբուլաեւը եղել է Ադրբեջանի անկախության կուսակցության քաղխորհրդի անդամ, իհարկե, Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո նա դարձել է «Ենի Ադրբեջանի» (իշխող կուսակցություն) մոլեռանդ պաշտպանը, ինչի համար էլ արժանացել է Բաքվի ամենահեղինակավոր բուհերից մեկի ռեկտորի պաշտոնին»,- նշում է գործակալությունը:

«Բնականաբար, հայերն Արզուի կենսագրության այդ բոլոր նշանակալի փաստերը հաշվի են առել. շատ ավելի պատվավոր եւ, գլխավորը, նշանակալի է իրենց կողմը քաշել բավական աղմկոտ ազգանվամբ եւ հայտնի հայր ունեցող ադրբեջանուհու, քան ինչ-որ անտոհմ «մոխրոտի»,- հավելում է haqqin.az-ը:

Պարզվում է՝ վրդովմունքի պատճառ են դարձել աղջկա խոսքերն այն մասին, որ «թերթի կոլեկտիվը բարյացակամ է», «ոչ ոք իրեն վատ չի վերաբերվում»: Ավելին, աղջիկը համարձակություն է ունեցել պաշտպանել Յունուսների ընտանիքին: «Ադրբեջանում տիրող իրավիճակն աղետալիորեն վատանում է եւ «իրավապաշտպան» Լեյլա Յունուսի ձերբակալությունը դրա վառ օրինակն է»,- իր բլոգում գրել է Գեյբուլաեւան: