Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը չի ներկայացել «Ֆինանսական բուրգի» գործով նոյեմբերի 4-ին կայացած դատական նիստին, քանի որ հանրապետությունում չի գտնվում: NEWS.am-ի հետ զրույցում Ներսիկ Նազարյանը նշեց, որ միայն նոյեմբերի վերջին է Հայաստան վերադառնալու:
«Ես այդ գործի հետ որեւէ կապ չունեմ, գամ էլ, չեմ գնալու դատարան, որովհետեւ ոչ մի առնչություն չունեմ: Չգիտեմ էլ, թե ինչու են իմ անվան հետ կապում այս ամենը»,- ասաց Երեւանի նախկին ոստիկանապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ մեղադրանքի 41-ամյա Արթուր Անդրեասյանը, բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանի, վերջինիս որդու՝ Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:




























