Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում իրականացված շաբաթօրյակին եւ ծառատունկին ներգրավված էին նաեւ Երեւանի կայազորի մի շարք զորամասերի զինծառայողներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ: Նախաձեռնությանը մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Բանակ-հասարակություն կապերի ամրապնդման շրջանակում այս անգամ եւս նախաձեռնությանը միացել էին Երեւանի կայազորի մի շարք զորամասերի զինծառայողներ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ մարշալ Խանփերյանցի անվան ռազմավիացիոն ինստիտուտների կուրսանտներ: Զինծառայողները, բաժանվելով տարբեր խմբերի, կանաչապատման, բարեկարգման եւ մաքրման աշխատանքների էին իրականացնում Երեւանի եւ քաղաքին մերձակա տարբեր վայրերում:
Միջոցառման շրջանակում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում իրականացվող ծառատունկին մասնակցել են պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով նախաձեռնությունը, Սեյրան Օհանյանը հավաստել է, որ բանակը միշտ պատրաստ է օգնել ու աջակցել նմանաբնույթ միջոցառումներին:



























