Ebola.rf դոմենը ցանկանում են 1 մլն եվրոյով վաճառել: Ընդ որում՝ ebola.ru դոմենը 50 հազար եվրո արժե, փոխանցում է rbc-ն:
Աղբյուրը հստակեցնում է, որ այս պահի դրությամբ Ebola.rf-ը օգտվողներին ուղղորդում է դոմենի սեփականատիրոջ՝ «Բարակուդա» ընկերության հետ կապվելու, որի տնօրինման տակ շուրջ 5,5 հազար դոմենային անուն կա:
Ըստ փորձագետների՝ երկու դոմենների գները «առասպելական են» եւ «մտացածին»: «Համացանցում պարբերաբար են նման պատմություններ ծագում: Օրինակ, երբ հայտնի chat.ru-ն փորձում էին գնել 1 մլն դոլարով: Իսկ այժմ այդ դոմենը ոչ ոքի պետք չէ: Նույնը եւ Էբոլայի դեպքում է», - փորձագետների գնահատականն է մեջբերում աղբյուրը: Ըստ նրանց՝ ռուսաստանցի դոմենատերերը հնարավորություն կունենան այդ հասցեները վաճառել լուրջ գումարի դիմաց այն դեպքում միայն, եթե համաճարակը տարածվի Ռուսաստանում:
Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերին Ebola.com դոմենը Ջոն Շուլցի կողմից Weed Growth Fund ընկերությանը վաճառվել էր 200 հազար դոլարով:



























