Ամերիկացի հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը կցանկանար ԱՄՆ քաղաքացիներին աշխարհում կատարվող դեպքերի այլ տեսակետ ներկայացնել Վլադիմիր Պուտինի մասին փաստագրական ֆիլմի միջոցով:

Ռեժիսոր Օլիվեր Սթոունը աշխարհում հայտնի է որպես քաղաքական սուր թեմաներով ֆիլմերի հեղինակ: Տարբեր ժամանակներ նրա կինոնկարների հերոսներ են եղել ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնը, Ջոն Քենեդին եւ Ջորջ Բուշը:

Ռուսական լրատվամիջոցների հետ  հարցազրույցում Սթոունը նշել է, որ եթե ինքը ֆիլմ նկարահաներ Վլադիմիր Պուտինի մասին, ապա դա գեղարվեստական չէր լինի,  փաստագրական կլիներ: Ռեժիսորը նաեւ լրագրողներին պատմել է  «ԱՄՆ-ի չպատմված պատմությունը» գրքի մասին: Սթոունն այնտեղ առաջարկում է ամերիկյան պատմությանն այլ տեսանկյունից նայել:  «Ցանկացած երկիր թաքցնում է  բացասական պահերը,  պետության համար շատ դժվար է ինքնաքննադատ լինելը, սովորոբար բոլորն իրենց շատ են սիրում...», – ամերիկացի ռեժիսորի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Սթոունը հանդիսատեսներին հայտնի է «Ժողովուրդը Լարի Ֆլինթի դեմ», «Սպիով դեմքը», «Կեսգիշերային ճեպընթացը» եւ բազմաթիվ այլ ֆիլմերի շնորհիվ: